Հայտնաբերվել է էկզոմոլորակ, որը կրկնվող ռադիոազդանշաններ է արձակում․ ի՞նչ է դա նշանակում  

6 ապրիլի, 2023  21:28

Գիտնականները հարևան աստղային համակարգից կրկնվող ռադիոազդանշան են հայտնաբերել, ինչը վկայում է այս համակարգում Երկրի չափ մոլորակներից մեկի շուրջ մագնիսական դաշտի առկայության մասին, այս մասին ասվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Երկրի մագնիսական դաշտը կարևոր դեր է խաղում կյանքի գրեթե բոլոր ձևերի գոյատևման գործում: Այն պաշտպանում է մոլորակի մակերեսը արևի վնասակար ճառագայթումից և օգնում է պահպանել կայուն մթնոլորտ, որը սնուցում է մեր կենսոլորտը: Այդ իսկ պատճառով, գիտնականները կարծում են, որ այլմոլորակային կյանքը, եթե այն գոյություն ունի, կարող է կախված լինել նաև էկզոմոլորակների շուրջն ուժեղ մագնիսական դաշտերի առկայությունից՝ այլ աստղերի շուրջ պտտվող աշխարհներից:

Ուսումնասիրության հեղինակներ Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող Սեբաստիան Պինեդան և Բուքնելի համալսարանի դոցենտ Ժակլին Վիլադսենը տարիներ շարունակ փնտրել են փոքր մոլորակներում մագնիսական դաշտի առկայության մասին վկայող նշաններ: Այժմ աստղագետների այս զույգն աննախադեպ ապացույցներ է ներկայացրել կրկնվող ռադիոազդանշանների մասին, որոնք կարող են կապված լինել Երկրի չափեր ունեցող YZ Ceti b էկզոմոլորակի մագնիսական դաշտի հետ, որը գտնվում է մեր արեգակնային համակարգից ընդամենը 12 լուսատարի հեռավորության վրա:

YZ Ceti b-ի պտույտն իր ուղեծրով տևում է ընդամենը երկու օր, ինչը նշանակում է, որ այն շատ մոտ է իր աստղին, որպեսզի այս մոլորակի վրա կյանք ձևավորվի։ Սակայն այս չափազանց կարճ տարվա շնորհիվ, նշում են հետազոտության հեղինակները, այս մոլորակը նաև «եզակի խոստումնալից օրինակ է դառնում աստղերի և մոլորակների մագնիսական փոխազդեցություններն ուսումնասիրելու համար»։

YZ Ceti .jpg (44 KB)

Պինեդան և Վիլադսենն իրենց հետազոտությունները կենտրոնացրել են կարճ ուղեծրով փոքր մոլորակների վրա, քանի որ դրանց մագնիսական դաշի սիգնատուրան կարող է նկատելի լինել աստղերին մոտ լինելու պատճառով: Երբ այս մոլորակները շարժվում են իրենց ուղեծրով, ցանկացած մագնիսական դաշտ, որը նրանք կարող են ունենալ, կարող է փոխազդել աստղի մագնիսական դաշտի հետ՝ ստեղծելով աստղից ռադիոպոռթկումների մի օրինաչափություն, որը հնարավոր է դիտարկել Երկրի վրա:

Հետազոտողները կարծում են, որ իրենք գուցե հայտնաբերել հենց այդպիսի պոռթկումներ, որոնք ստացվում են YZ Ceti համակարգից, սակայն նրանք զգուշացնում են, որ դա դեռ հաստատված չէ: Հնարավոր է, որ ազդանշանները YZ Ceti աստղի սովորական ռադիոակտիվության հետևանք են։ Այս աստղը դանդաղ պտտվող կարմիր թզուկ է, և դրա ճառագայթումը կարող է որևէ կապ չունենալ համակարգի մոլորակների հետ։

«Այս համակարգում դեռ շատ անհայտ բան կա, բայց ես կասեի, որ մենք ցույց ենք տալիս ռադիո տվյալների և աստղերի ու մոլորակների միջև մագնիսական փոխազդեցությունների ներուժը, ինչը կարող է հանգեցնել Երկրի չափ էկզոմոլորակների մագնիսական դաշտի ուժի չափմանը», - ասել է Պինեդան:


 
 
 
 
  • Արխիվ